Անգնահատելի է որակյալ լաբորատորիաների դերը հանրային առողջապահության շրջանակներում արտակարգ իրավիճակներին պատրաստվածության, արդի սպառնալիքների բացահայտման և արագ արձագանքման գործում, ինչպես նաև լաբորատոր համակարգի կայուն ֆունկցիոնալության ապահովումը երկրի ներսում՝ միջազգային պահանջներին համապատասխան, ինչը հանրային առողջապահության մարտահրավերներին դիմակայելու գրավականներից է, քանի որ կենսաբանական ախտածին ազդակների հետ աշխատանքների ընթացքում է կարևորվում ռիսկերի կառավարումը ելնելով ինչպե՛ս դրանց պատահական, այնպես էլ կանխամտածված արտահոսքը կանխելու նկատառումներից։
Բազմաթիվ են վտանգներն ու ռիսկերը լաբորատոր գործում՝ ինչպե՛ս կենսաբանական, այնպե՛ս էլ քիմիական ու ճառագայթաբանական գործոններով պայմանավորված, և դրանց զսպման մեխանիզմների վերաբերյալ անբավարար գիտելիքները, հմտություններն ու մոտիվացիան ամենամեծ մարտահրավերն է։
Համաժողովը համահունչ է «Մեկ առողջություն» գաղափարին և իր շուրջ կմիավորի տարբեր ոլորտների լաբորատոր և
ոլորտի շահառու՝ այլ մասնագետներին՝ քննարկելու, վերլուծելու լաբորատոր անվտանգության վերաբերյալ
առկա պահանջներն ու արդի միջազգային մոտեցումները, դրանց ներդաշնակեցման ու ստանդարտացման
անհրաժեշտությունն ու խոչընդոտները։